Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում առաջինը մրցելույթներն ավարտեցին կին մենասահորդները: Կարճ ծրագրից հետո նշանակալի առավելությամբ առջևում էր Ռուսաստանը ներկայացնող Եվգենյա Մեդվեդևան, ում հաղթանակը թե՛ ազատ ծրագրում, թե՛ հանրագումարում կասկած չէր հարուցում:
Եվրոպայի ու աշխարհի գործող չեմպիոնը արդարացրեց սպասելիքները՝ այն էլ ակնհայտ գերազանցումով: Երկրորդ վարժությունում նրա կատարումը գնահատվեց 150,79 միավոր, ինչն աշխարհի նոր ռեկորդ է: Ավելին՝ Մեդվեդևայի առավելությունն այնքան ակնհայտ էր, որ, ինչպես Ռուսաստանի առաջնությունում, մարզիկն իրեն վերապահեց փոքրիկ չարաճճիություն՝ կատարելով երեք եռապտույտ ցատկից բաղկացած կասկադ՝ վարժություն, որը բացի նրանից աշխարհում ոչ մի մարզիկ չի կատարում: Իհարկե, այդ ավելորդ ցատկը միավորային հաշվարկից դուրս էր ու մրցավարների կողմից բնականաբար չգնահատվեց: Սակայն առավել հետաքրքրականն այն է, որ մինչմրցումային մարզման ժամանակ նա կատարել է չորս եռապտույտ ցատկից բաղկացած կասկադ: Սա արդեն կոսմոս է և խոսում է մեր հայրենակցուհու ֆանտաստիկ հնարավորությունների մասին:
Հաղթանակից հետո, անդրադառնալով հետագա ծրագրերին, Մեդվեդևան ասել է, որ մինչև աշխարհի առաջնության մեկնարկն ընկած ժամանակահատվածը չի մասնակցելու շոուների, պարապմունքները շարունակելու է նույն բնականոն հունով: Իսկ հարցին, թե ով է իր գլխավոր մրցակիցը, պատասխանել է այսպես. «Այն նստած է իմ ներսում»:
Իսկապես էլ՝ մեր աղջնակի այսօրինակ պատրաստվածության պայմաններում ուրիշ ի՞նչ մրցակցի մասին կարող է խոսք լինել:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ